Պարտության հետ չհաշտվողը կամ հիշողություններ՝ Շառլ Ազնավուրի վերջին երևանյան համերգից

«Երբեք չեմ սիրել պարտվելԵրբեք չեմ կարողացել հաշտվել պարտության հետ»:

Շառլ Ազնավուր

Նրա կյանքը պարտությունների նկատմամբ տարած բացառիկ հաղթանակների մի իսկական ամբողջություն էր: Նա աշխարհին ու առաջին հերթին ինքն իրեն ապացուցեց՝ մեծ ցանկության ու բացառիկ տաղանդի դեպքում հնարավոր է անգամ սարեր շուռ տալ:

Շառլ Ազնավուրը ցանկություն ուներ հանդես գալ իր 100-ամյակին: Բայց…չհասցրեց: Կարիերան ավարտելու մտադրություն չուներ: Ամենաշատը վախենում էր տանը՝ բազկաթոռին նստած մահանալուց: Ու մինչև իր վերջին շունչը երգեց՝ այդպես էլ չավարտելով համերգային գործունեությունն ի հեճուկս բոլոր այն թերթերի, որոնք գրում էին. «Ազնավուրը թոշակի գնալու մտադրություն չունի»։

Տանը հին մագնիտոֆոն ունեինք: Առաջին անգամ հենց այդ սարքով լսեցի Ազնավուրի ձայնը: 11 կամ 12 տարեկան էի: Հերթով, իրար հետևից հնչում էին նրա արդեն դասական դարձած երգերը. La Bohème-ը, She-ն, For me … Formidable-ն ու մյուսները: Միշտ սիրել եմ նրա երգերը, որովհետև կարծում եմ, որ առաջին իսկ նոտայից անկեղծությունն ակներև է: Ազնավուրը զգում է, թե ինչի մասին է ստեղծագործում: Ազնավուրը ստեղծագործում է այն ամենի մասին, ինչ տեսել է, զգացել, լսել: Պարզ՝ բայց ոչ պարզունակ, յուրահատուկ ու ինքնատիպ: Կարճ ասած՝ հանճարեղ: Երգեր, որոնց հնչյունների ներքո սերունդներ են մեծացել: Երգեր, որոնց հնչյունների ներքո մարդիկ սեր են խոստովանել, արարել, ապրել…

«Արմենպրես»-ում աշխատելու առաջին իսկ օրվանից երազել եմ նրա հետ հարցազրույց անել ու երկար եմ պայքարել բաղձալի նյութի համար:

Առաջին անգամ նրան հանդիպեցի 2015 թ. ապրիլի 23-ին: Երկընտրանքի առաջ էի: Այդ օրը նույն ժամին համերգով պետք է հանդես գար System of a Down խումբը: Նույն ժամին «Զվարթնոց» օդանավակայան էր ժամանում լեգենդար Շառլ Ազնավուրը:

Ի՞նչ անել: Գնա՞լ SOAD-ի համերգին, թե՞ օդանավակայան՝ դիմավորելու ու մի քանի վայրկյանով տեսնելու լեգենդին: Հարցազրույցի հույս անգամ չկա…Բայց փորձել էր պետք, ու գնացի օդանավակայան:

Ազնավուրին օդանավակայանի սրահում տեսնելուն պես հիշեցի նրա խոսքերը. «Որո՞նք են իմ պակասությունները: Ձայնս, հասակս, շարժումներս և կրթության ու կուլտուրայի պակասը, ճշմարտախոսությունս, անհատականությանս պակասը: Ձայնս փոխելն անհնար է: Բժիշկները, որոնց դիմում եմ, միաբերան համոզում են, որ երգելուց ձեռք քաշեմ: Բայց ես պիտի երգեմ, թեկուզ կոկորդս պատռվի: Հասակս, ինչ որ է, այն է` 1մ 64 սմ, նույնպես անհնար է ուղղել: Ռետինե հաստ ներբաններով կոշիկներ չեմ կարող հագնել: Միակ փորձը, որ արեցի մի քանի միլիմետր շահելու համար, խայտառակ վախճան ունեցավ: Միացյալ Նահանգների իմպրեսարիոները կարծում էին, որ երկու ոտքից էլ կաղ եմ: Մի լուծում կա միայն` եղածով յոլա գնալ ու մոռացնել տալ պակասությունը»:

Տարիներ անց կարճահասակ, «խռպոտ ձայնով հայը» կարողացավ նվաճել աշխարհն ու հաղթեց բոլոր նրանց, ովքեր փակում էին նրա առջև բազում դռներ: Զարմանալի է, բայց փաստ: Այս ամենը չխանգարեցին նրան համաշխարհային փառքի արժանանալ: Այդ ժամանակ այդպես էլ չստացվեց նրա հետ զրուցել, մի երկու բառ ասաց, ծաղիկներ նվեր ստացավ ու գնաց:

2015-ն անակնկալներով լի տարի էր: Հոկտեմբերի 10-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվեց լեգենդի մենահամերգը: Բայց համերգից ժամեր առաջ Ազնավուրը ցանկություն է հայտնում այցելելու այն ժամանակ նոր բացված Կոմիտասի թանգարան-ինստիտուտ: Թանգարան-ինստիտուտը մարդաշատ չէր, բայց լուրը, որ լեգենդը գալիս է, շաբաթ օրով համախմբել էր մշակութային օջախի բոլոր աշխատակիցներին: «Ազնավուրը, Ազնավուրն այստեղ է»: Ոգևորությանը չափ ու սահման չկա, բոլորի ձեռքերը դողում են, բոլորն իրարանցման մեջ են:

Շուրջ մեկ ժամ մեծանուն արտիստը շրջում է թանգարանի տարածքով, դիտում բոլոր ցուցանմուշները, ամեն տեղ կանգնում, հարցեր տալիս: Առաջին հարկում գտնվող Կոմիտասի դաշնամուրի կողքով անտարբեր չանցավ, մի պահ ակնածանքով նայեց, հուզվեց: Անցավ ստեղների վրայով, ինչ-որ եղանակ նվագեց:

Կոմիտասի քանդակները տեսնելով` Ազնավուրը նկատեց. «Երբ Հայաստանում առաջին համերգն ունեցա, ետնաբեմում ինձ մի  քանդակագործ մոտեցավ. իմ քանդակն է արել: Պետք է Հայաստան ուղարկեմ այն»: Հետո սկսեց մտորել իր երևանյան թանգարան-կացարանը ցուցանմուշներով հարստացնելու վերաբերյալ ու ներկաներին պատմեց իր գաղափարների մասին: Մշակութային օջախին և ցուցանմուշներին ծանոթանալուց հետո լեգենդար երգիչը գրառում կատարեց թանգարան-ինստիտուտի հուշամատյանում. «Մենք երբեք լիովին չենք ճանաչում այն արվեստի գործերը, որոնցով հիանում ենք: Մեկ ժամ այս թանգարանում լինելը մեզ շատ բան սովորեցրեց և հարստացրեց մեզ»:

Թանգարանում շրջայցի ընթացքում զրուցեցինք Ազնավուրի որդու հետ: Ակներև էր այն պաշտամունքով լի հայացքը, որով Նիկոլա Ազնավուրը նայում էր հորը: Շատ չխոսեց, բայց անկեղծացավ՝ հպարտ է Ազնավուրի որդին լինելու համար: Ու ամբողջ շրջայցի ընթացքում հիացած հայացքով նայում էր հորը:

Համերգից առաջ կատարվեց անսպասելին: Թանգարանում շրջայցի ավարտին, այնուամենայնիվ, հաջողվեց մի քանի հարցի պատասխան ստանալ Շառլ Ազնավուրից: «Ես և իմ աշխատանքը ձուլվում ենք: Երբեք չեմ դադարում աշխատել. միգուցե արվեստագետի գաղտնիքը դրանում է»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում, համերգից մի քանի րոպե առաջ նշեց լեգենդը:

Ու հետո նստեց իրեն ուղեկցող մեքենան, որը նրան տանելու էր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՝ անմոռանալի համերգի: Այդ ժամանակ 91-ամյա լեգենդը կրկին ապացուցեց, որ լի է կյանքով, առույգ է ու անդառնալիորեն սիրահարված երաժշտությանն ու երգին: Իր ողջ կյանքը բեմում անցկացրած ու այդպես էլ թոշակի չգնացած Ազնավուրի վերջին համերգն էր հայրենիքում:

«Մեր լեզունհայերենըինձ համար ընտանեկան լեզու էԱվելի դժվար է ստացվումդրա համար եմ ֆրանսերեն խոսումԱվելի հեշտ է ինձ համարՉգիտեմհայերենո՞ր լեզվով կարող եմ խոսելհո՞րս լեզվովով թիֆլիսցի էմո՞րս լեզվովով ստամբուլցի էՖրանսիայում միայն ֆրանսիացի են»,— համերգին նշեց Ազնավուրը:

2015-ից հետո Ազնավուրը կրկին եկավ Հայաստան, այդ թվում՝ ներկա գտնվեց «Ավրորա» մարդասիրական  մրցանակի հանձնմանն ու «Բոհեմ» ներկայացման պրեմիերային: Նրան շատ մոտիկից տեսնել այլևս չհաջողվեց:

Ազնավուրը Հայաստանում համերգ այլևս չունեցավ, թեպետ ակնկալվում էր, որ ֆրանսիացի երգչուհի Զազի հայաստանյան համերգին, այս տարվա հոկտեմբերին թեկուզ և մեկ համար կկատարի: Ավա՜ղ, չհասցրեց: Չհասցրեց նաև իրականացնել իր երազանքը՝ հանդես գալ իր 100-ամյակին:

Ի վերջո, ո՞րն էր Շառլ Ազնավուրի ֆենոմենը: Բացառիկ տաղա՞նդը, բարձր ինտելե՞կտը, գեղեցիկ ու տարբերվող ձա՞յնը, անկեղծությո՞ւնը, պայքարելու ու հաղթելու յուրատեսակ ու՞ժը: Թե՞ ինչ-որ այլ բան։ Ամեն մեկն ունի իր կարծիքը: Բայց այդ առեղծվածն այդպես էլ առեղծված կմնա…

https://lurer.com/?p=300059&l=am

Be the first to comment on "Պարտության հետ չհաշտվողը կամ հիշողություններ՝ Շառլ Ազնավուրի վերջին երևանյան համերգից"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ