Սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը

Հոկտեմբերից սկսվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը (ընթացիկ տարվա հոկտեմբերից (40-րդ շաբաթ) մինչև հաջորդող տարվա մայիս (20-րդ շաբաթ):

Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, վարակիչ հիվանդությունների համակարգում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում գրիպը և սուր շնչառական վարակները, որոնց նկատմամբ ընկալ են բոլոր տարիքի մարդիկ:

Համաձայն նախարարության տարածած հաղորդագրության՝ այսօր հանրապետությունում դիտվող իրավիճակը համահունչ է նախորդ տարիների գրիպի սեզոնին, ավելին` արձանագրվող սուր շնչառական վարակներն, ըստ համաճարակաբանական շաբաթական վերլուծությունների արդյունքների, 1,8 անգամ ցածր է հիվանդացության ամենացածր շեմից: Այս համատեքստում առավել բարձր ցուցանիշերն արձանագրվել են 0-14 տարեկան երեխաների շրջանում:

«Ինչ վերաբերում է հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների շրջանառող հարուցիչներին, ապա պետք է նշել, որ այս պահի դրությամբ հանրապետությունում գրիպի վիրուսներ չկան, շրջանառվում են սուր շնչառական վարակների հարուցիչներ՝ ադենովիրուսներ, ռինովիրուսներ, պարագրիպ, այն էլ եզակի դեպքերում:

Գրիպի նկատմամբ շարունակաբար կազմակերպվում և իրականացվում են բազմաթիվ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ, սակայն վերջինս շարունակվում է արձանագրվել բնակչության շրջանում, ավելին` ձեռք բերելով պանդեմիկ ներուժ` առողջապահության համար ստեղծելով նոր խնդիրներ:

Համաճարակային իրավիճակը երկու փուլով է  ընթանում: Առաջին փուլում ավելի ծանրաբեռնված են աշխատում պոլիկլինիկական կազմակերպությունները, երկրորդ  փուլն ավելի ծանր է, որն արձանագրվում է Ամանորի տոներից հետո մինչև փետրվարի երկրորդ կամ երրորդ տասնօրյակը: Այս պարագայում ոչ ոք չի կարող բացառել, որ հոսպիտալացման դեպքեր չեն լինի, որովհետև ցանկացած անձ խոցելի է գրիպի և շնչառական հարուցիչների նկատմամբ:

Ամեն տարի անհրաժեշտություն է առաջանում վերանայել միջոցառումները` ուղղված  գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանը:

Առողջապահության նախարարությունը մասնակցում է մի շարք միջազգային ծրագրերի, ինչի արդյունքում առկա համաճարակաբանական հսկողության և լաբորատոր ախտորոշման համակարգը թույլ է տալիս առավել նպատակային կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումներ ձեռնարկել՝ հնարավորության սահմաններում նվազեցնելով նշված հիվանդություններով առողջապահության համակարգի բեռը: Մասնավորապես ստեղծվել է`

  • գրիպի և սուր շնչառական վարակների կատարելագործված համաճարակաբանական հսկողության համակարգ,
  • համաճարակաբանական հսկողության տվյալների գործուն և արդիական բազա,
  • բռնկումների վարման ընթացակարգեր,
  • կատարելագործված և միջազգային ճանաչում ստացած լաբորատոր կարողություններ,
  • ծանր սուր շնչառական վարակների միջազգային մոտեցումներին համահունչ բուժման մեթոդաբանություններ և այլն:

Ամեն տարի ինչպես բժշկական անձնակազմի, այնպես էլ հանրության իրազեկման և զգոնության բարձրացման նպատակով կազմակերպվում են մի շարք միջոցառումներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

 

https://lurer.com/?p=302490&l=am

 

Be the first to comment on "Սկսվել է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ