Հազարավոր մարդկանց կազատեն աշխատանքից՝ առանց որեւէ այլընտրանք առաջարկելու. Հայոց ախարհ

Ազգային ժողովում ավարտվեցին հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները, որոնք այս անգամ ընթացան արագացված կարգով։ Հաշված օրեր հետո երկրի գլխավոր ֆինանսական փաստաթուղթը կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։

Լինելով իշխանափոխությունից հետո Հայաստանում ձեւավորված կառավարության առաջին բյուջեն, փաստաթղթի նկատմամբ հասարակական հետաքրքրությունը մեծ էր։ Մարդիկ իրավացիորեն սպասում էին, որ իշխանափոխության օրերին եւ դրան հաջորդող շրջանում տրված խոստումների իրականացումը կտեսնեն այդ փաստաթղթում։ Սակայն կառավարության ներկայացրած տարբերակը չարդարացրեց այդ սպասելիքները։ Որքան էլ հայտարարվի, թե գործ ունենք «իներցիոն բյուջեի» հետ, դրանից բան չի փոխվում։

Գործունեության նախորդ շրջանում կառավարությունը չկարողացավ ստեղծել բավարար հիմքեր՝ խոստացած արմատապես այլ որակի բյուջե ունենալու համար։ Թեեւ փաստաթուղթը նախատեսում է ինչպես ՀՆԱ աճ, այնպես էլ եկամուտների եւ ծախսերի որոշակի ավելացում, այնուհանդերձ բյուջեի նախագիծը շատ չի տարբերվում նախկինից։

Որոշ դեպքերում սպասելիքները նույնիսկ պակաս հեղափոխական են, եթե կարելի է այդպես ասել, քան մինչհեղափոխական շրջանում էին։ Խոսքը մասնավորապես տնտեսական աճի ցուցանիշի մասին է, որ կառավարությունը 5,3-ից նվազեցրեց 4,9 տոկոսի։

Ըստ էության, սա պատահական չէ։ Տնտեսական վիճակը իշխանափոխությունից հետո բնավ այնպիսին չէ, ինչպիսին հասարակությունը սպասում էր։ Չհաջողվեց կայունացնել տնտեսության բացասական գործընթացները։

Ավելին՝ քաղաքական դրդապատճառներով կառավարությունը շոկային իրավիճակ ստեղծեց տնտեսության մեջ, ինչի հետեւանքներն աստիճանաբար դրսեւորվեցին ցուցանիշների վրա։ Գրեթե բոլոր ոլորտներում իշխանափոխությունից հետո գործընթացները դանդաղեցին։ Արդեն սեպտեմբերին տնտեսությունը նույնիսկ անկում ապրեց։ Այլեւս չկան տնտեսական աճի նախկին լավատեսական սպասումները։ Եթե ընդամենը մեկ-երկու ամիս առաջ կառավարությունը ակնկալում էր տարին փակել 6,5 տոկոս տնտեսական աճով, ապա հիմա արդեն սպասելիքները հազիվ 5 տոկոսի սահմաններում են։

Կառավարությանը չհաջողվեց կտրուկ ավելացնել նաեւ բյուջեի եկամուտները, ինչի մասին բազմիցս հայտարարվել էր։ Պատահական չէ, որ հաջորդ տարվա սպասելիքները չափավոր են։ Անիմաստ է ակնկալել, որ դրանք բյուջետային տարվա ընթացքում կփոխվեն, ինչպես խոստանում է կառավարությունը։

Անտարակույս նախորդ խոստումների նման դա եւս չի իրագործվելու։ Ինչպես ներքին տնտեսական վիճակը, այնպես էլ արտաքին միջավայրում ի հայտ եկած ռիսկերը նման լավատեսության հիմք չեն տալիս։

Նամանավանդ Հայաստանի տնտեսության մարտահրավերները թուլացնելու ուղղությամբ կառավարության քայլերը տեսանելի չեն։ Ավելին՝ տնտեսական խնդիրներն աստիճանաբար փոխանցվում են ֆինանսական համակարգ՝ ռիսկեր ստեղծելով արտաքին շոկերին դիմակայելու կարողության առումով։

Այն, ինչ անում է կառավարությունը, բնականաբար չի կարող երաշխավորել երկրում սոցիալական իրավիճակի բարելավում։ Անիմաստ է ընդհանրապես նման սպասելիքներ ունենալը։ Հաջորդ տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը իրականում այդպիսի խնդիր չի լուծում։ Այնպես որ, այդ առումով հասարակության սպասելիքները կմնան անկատար։ Աշխատավարձերի մասսայական բարձրացում չի լինի։

Իսկ որոշ ոլորտների վերաբերյալ հայտարարությունները հեռու են հասարակության սպասելիքներից։ Էլ չենք խոսում կենսաթոշակների եւ նպաստների մասին։ Կառավարությունը հակված է աշխատունակ նպաստառուներին զրկել նպաստ ստանալու հնարավորությունից, որպեսզի նրանք մտածեն աշխատելու մասին։

Այնպիսի տպավորություն է, որ աշխատանք կա, բայց մարդիկ գերադասում են չաշխատել, որպեսզի շարունակեն 20 կամ 25 հազար դրամ նպաստ ստանալ։ Սա անշուշտ դուրս է որեւէ տրամաբանությունից։

Չաշխատելու պատճառը աշխատատեղ չլինելն է եւ ոչ թե աշխատելու ցանկություն չունենալը։ Այլապես մարդիկ հազիվ թե աշխատանք փնտրեին այլ երկրներում։

Իսկ կառավարությունը պատրաստվում է ավելացնել գործազուրկների բանակը՝ ի հաշիվ պետական կառավարման համակարգում զբաղվածների։

Նախատեսվում է հազարավոր մարդկանց ազատել աշխատանքից՝ առանց որեւէ այլընտրանք առաջարկելու։ Նոր աշխատատեղերի ստեղծման հեռանկարներ չկան տնտեսության մեջ։ Հասկանալի է, որ դրանք ուղղակիորեն կապված են ներդրողների հետ, որոնք իշխանափոխությունից հետո չեն շտապում գալ Հայաստան։ Մինչդեռ վարչապետ ընտրվելու ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե դրսից ստանում է հազարավոր զանգեր, որ մարդիկ պատրաստ են ներդրումներ անել Հայաստանում, եթե ինքը ընտրվի վարչապետ։

Ընտրվելուց հետո վեց-յոթ ամիս է անցել, բայց ներդրումները շարունակում են մնալ զանգերի մակարդակում։ Թեեւ դա չի խանգարում, որ վարչապետի պաշտոնակատարը նույն պաթոսով արդարացնի իր ասածները. «Ներդրումները ճամպրուկի մեջ կամ անկողնու տակ դրած փո՞ղ է, որ հենց զանգեց ասեց, ինձ էլ ընտրեցիք վարչապետ, ճամպրուկը վերցրեց ու եկավ Հայաստան»։

Մինչ ներդրողները ճամպրուկի մեջ կամ անկողնու տակ դրած փող չունեն Հայաստան բերելու համար՝ հասարակության մի ստվար հատված շարունակում է հույսով սպասել, որ իշխանափոխությունից հետո լավ է ապրելու։

Ցավոք, այդ հույսերը հեռու են իրականություն դառնալուց։

Կառավարությունը պատրաստվում է ավելացնել գործազուրկների բանակը՝ ի հաշիվ պետական կառավարման համակարգում զբաղվածների;

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

Հազարավոր մարդկանց կազատեն աշխատանքից՝ առանց որեւէ այլընտրանք առաջարկելու. Հայոց ախարհ

Be the first to comment on "Հազարավոր մարդկանց կազատեն աշխատանքից՝ առանց որեւէ այլընտրանք առաջարկելու. Հայոց ախարհ"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ