Պետական շահը՝ որպես ռազմավարական առաջնահերթություն

Նախընտրական արշավի՝ առանց այդ էլ բավականին ամպոտ երկնքում դեկտեմբերի 5-ին պայթեց գաղտնալսման նոր սկանդալ, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ արդեն հայտնի հին գաղտնալսման նոր սերիան այս անգամ ԱԱԾ պետի և վարչապետի հեռախոսազրույցում, նույն հայտնի թեմայի շուրջ:  Ավելորդ է անգամ նշել, որ  պետության առանցքային դեմքերի հեռախոսազրույցի գաղտնալսման փաստը անչափ մտահոգիչ է և պետք է մանրակրկիտ քննության առարկա հանդիսանա՝ ապագայում նման դեպքերը կանխելու նպատակով: Հասարակությունը չի կարող իրեն ապահովագրված զգալ, երբ թիրախավորվում են իր իսկ անվտանգության երաշխավորները:

Սակայն գաղտնալսման երկրորդ մասի հրապարակումը, որքան էլ որ տարօրինակ չհնչի՝ ունի նաև իր դրական կողմը: Ակնհայտ է, որ վարչապետ Փաշինյանը գիտակցում էր՝ ինչպիսի քաղաքական հետևանքերի կարող է հանգեցնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կալանավորումը: Գաղտնալսման երկրորդ մասի հրապարակումը բացահայտեց հենց այն մտահոգությունները, որոնք առկա էին Հայաստանի բարձրագույն ղեկավարների մոտ՝ այս անչափ ռեզոնանսային հարցի շուրջ, և այն քննարկումները, որոնք ընթանում էին և փորձ էր արվում գտնել այն տարբերակը, որը հնարավորինս կնվազեցներ Հայաստանի համար բացասական զարգացումները: Վանեցյանի և Փաշինյանի, ինչպես նաև Վանեցյանի և Խաչատրյանի հեռախոսազրույցի բովանդակությունից պարզ է դառնում, որ ԱԱԾ պետը ստեղծված բարդ իրավիճակում, երբ ամենահեշտ լուծումը կարծես թե ձեռքի տակ էր՝ խնդիրը դիտարկեց շատ ավելի խորքային պրիզմայով, պետության և ազգային շահի համատեքստում: Այո՛, ՀԱՊԿ բարձրաստիճան ղեկավարի կալանավորումը Հայաստանի համար անխուսափելիորեն հանգեցնելու էր ՀԱՊԿ անդամ երկրների, դաշնակիցների հետ հարաբերությունների լարմանը:  Ակնհայտ էր, որ այս քայլը դիտարկվելու էր իբրև հարված թե՛ ՌԴ, թե՛ ՀԱՊԿ միջազգային հեղինակությանը և հենց այս փաստի վրա էր փորձում երկրի ղեկավարի ուշադրությունը հրավիրել  ԱԱԾ պետը: Հատկանշական է, որ այդ փուլում շատ էր խոսվում այն մասին, որ ՌԴ հետ «սուր անկյունների» հարթեցման գործը Վանեցյանն իր վրա էր վերցրել՝ քաջ գիտակցելով դաշնակից երկրի հետ հարաբերություններում լարվածության նվազեցման ռազմավարական կարևորությունը:

Այս դրվագը, որի վրա քչերը ուշադրություն դարձրին՝ մեկ անգամ ևս ապացուցում է, որ ցանկացած իրավիճակում պետական պաշտոնյայի համար պետք է առաջնային լինի պետական շահի գիտակցումը: Երկրի բարի համբավը և հեղինակությունը, հարաբերությունները դաշնակիցների հետ, ստանձնած միջազգային պարտավորությունները չպետք է ստորադասվեն քաղաքական ինտրիգների և չպետք է դառնան մանրադրամ՝ քաղաքական տարատեսակ խաղերում:

Ստելլա Խաչատրյան

https://lurer.com/?p=306311&l=am

Be the first to comment on "Պետական շահը՝ որպես ռազմավարական առաջնահերթություն"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ