Ամփոփում – 2018. «Ինչ-որ պահի Հայաստանը պետք է ոտքի կանգնի և ասի «ոչ» Ռուսաստանին»

ածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ ամփոփել է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունները, մեր երկրի ձեռքբերումներն ու բացթողումները թե՛ ժողովրդավարության, ներքին քաղաքականության ու տնտեսության և թե՛ արտաքին քաղաքականության ու անվտանգության ոլորտներում:

– Պարոն Կիրակոսյան, նախ՝ շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:

– Շնորհակալ եմ:

– Ի՞նչ կարևոր ձեռքբերումներ ու նվաճումներ ունեցանք անցած տարվա ընթացքում՝ հաշվի առնելով մեր երկրում տեղի ունեցած շատ կարևոր, կարելի է ասել՝ պատմական իրադարձությունները: Մենք, ի վերջո, տեսանք իշխանության անցնցում փոփոխություն, որին քաղաքացիները, ընդդիմությունը սպասում էին ավելի քան 20 տարի:

– Այս հարցազրույցը եզակի հնարավորություն է՝ հետ նայելու և տեսնելու, թե որքան է փոխվել Հայաստանը: Ուղիղ մեկ տարի առաջ՝ նախորդ Նոր տարվա տոներին, ոչ ոք Հայաստանում չէր ակնկալում նման դրամատիկ փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում այդքան արագ ու դինամիկ կերպով: 2018 թվականը սկսվեց դանդաղ բարեփոխումների, աստիճանական փոփոխությունների ընդհանուր ակնկալիքներով, բայց որևէ մեկը չէր սպասում նման դինամիկ, կտրուկ փոփոխություններ: Հետ նայելով՝ մենք տեսնում ենք, որ 2018 թ. փետրվարի, մարտի և ապրիլի իրադարձությունները կանխորոշիչ պահեր էին, թե որտեղ ենք հիմա և ուր ենք գնալու վաղը: Բայց վերլուծական տեսանկյունից ամենահետաքրքիրը ոչ թե այն էր, թե որտեղ էինք մենք, այլ այն, որ այսօր արդեն մենք մոտենում ենք փոփոխությունների երկրորդ փուլին: Առաջին փուլը, իմիջիայլոց, հեղափոխություն չէր, դա վարչապետ դարձած նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հարկադրված հրաժարականն էր և իշխանության հանձնումը հին էլիտայի կողմից:

Հետո եկավ հեղափոխության երկրորդ փուլը: Հեղափոխությունը Հայաստանում իր տեսակով եզակի էր, քանի որ դա հաջորդեց հրաժարականի դանդաղ գործընթացին: Այլ խոսքերով՝ այլ երկրներում առաջինը տեղի է ունենում հանկարծահաս և դրամատիկ հեղափոխությունը: Իսկ Հայաստանում, իմ կարծիքով, հեղափոխությունը դեռ նոր է սկսել կառուցվել, որը փոխում է մարդկանց հոգեբանությունն ու երկրի քաղաքական էլիտան, որն ավելի երիտասարդ է, ավելի բարեփոխական և շատ ավելի քիչ կոռումպացված՝ հին էլիտայի հետ համեմատած: Այնուամենայնիվ, հեղափոխության երկրորդ փուլը Հայաստանում ավելի բարդ է լինելու, քան առաջինը: Շատ ավելի հեշտ է ստիպել Սերժ Սարգսյանին հրաժարական տալ, քան կառավարել երկիրը: Մարտահրավերները երիտասարդ և անփորձ կառավարության և նորընտիր խորհրդարանի համար շատ ավելի դժվար են ու տարբերվում են իշխանության գալու մարտահրավերից: Դրանք համակցված են հանրության մեծ սպասելիքների և մարդկանց այն զգացման, կարծիքի հետ, որ կառավարությունը պետք է արդեն արդյունքներ ցույց տա: Այժմ, երբ արտահերթ խորհրդարանական ընտրություններն արդեն տեղի են ունեցել, կարող ենք ասել, որ նոր խորհրդարանի աշխատանքի մեկնարկով կսկսվի փոփոխությունների երրորդ փուլը: Երրորդ փուլը պահանջում է շատ ավելի լուրջ խորհրդարան, և Ազգային ժողովի նորընտիր՝ երիտասարդ ու անփորձ պատգամավորները պետք է շատ արագ սովորեն, թե ինչպես պետք է կառավարել երկիրը և ինչպես կարելի է լուրջ արդյունքներ ցույց տալ:

– Իսկ ժամանակավոր կառավարության՝ նախորդ ամիսներին կատարած աշխատանքը գոհացրե՞լ է Ձեզ:

– Եթե անկեղծ պատասխանեմ՝ այո և ոչ: Մի կողմից, ես, ինչպես և շատերը, նախորդ տարի սխալվեցինք՝ թերագնահատելով Նիկոլ Փաշինյանին: Ես չեմ ուզում կրկին թերագնահատել Նիկոլ Փաշինյանին և փորձում եմ նաև չգերագնահատել նրան: Այդուհանդերձ, Փաշինյանի կառավարությունը մի քանի սխալ թույլ տվեց: Այնուամենայնիվ, ցանկացած նոր և անփորձ կառավարության համար էականը ոչ թե սխալներ թույլ չտալն է, այլ այն, թե նրանք դասեր քաղո՞ւմ են այդ սխալներից, թե՞ ոչ: Սա է քննությունը: Եվ ես տեսնում եմ լավատեսական առաջընթացի որոշակի հիմքեր: Թեև դեռ շատ վաղ է կանխատեսում անելու համար, որովհետև գլխավոր փորձությունը կսկսվի այն ժամանակ, երբ նոր խորհրդարանը ստանձնի իր պարտականությունները և ձևավորի նոր կառավարություն: Ուստի դեռ վաղ է քննադատել կառավարությանը սխալների համար, բայց հստակ է մի բան՝ ժամանակն անցնում է, ժամանակն աշխատում է ի վնաս կառավարության, և որքան շուտ նրանք սկսեն իրական արդյունքներ ներկայացնել, այնքան ավելի լավ: Եվ ես խոսում եմ տնտեսական աճի, աշխատատեղեր ստեղծելու, ոչ թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, օրինակ՝ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի կամ Մանվել Գրիգորյանի կատարած ենթադրյալ հանցագործությունները հետաքննելու մասին: Տնտեսական զարգացումը պետք է շատ ավելի խորը լինի և դրված լինի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ոչ թե լինի անհատական:

– Փաշինյանը հեղափոխական հարթակից հայտարարեց հեղափոխության և հեղափոխական գաղափարները կյանքի կոչելու մասին, նախընտրական շրջանում արդեն խոսում էր տնտեսական հեղափոխություն իրականացնելու հրամայականի մասին: Բայց մենք չենք տեսնում ավելի խիստ և կոշտ քայլեր՝ արմատախիլ անելու կոռուպցիան և օլիգարխիկ համակարգը:

– Առայժմ ես այդքան քննադատաբար տրամադրված չեմ: Պատճառն այն է, որ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է թավշյա հեղափոխության մասին, փորձում է խուսափել նախկին իշխանավորների նկատմամբ քաղաքական հետապնդումներից, քաղաքացիական պատերազմից: Թավշյա հեղափոխության նպատակը ոչ թե վրեժխնդրությունն է, այլ մարդկանց մտքերում և համակարգում հեղափոխություն անելը: Ուստի ես հասկանում եմ սելեկտիվ, աստիճանական փոփոխությունների անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ամբողջովին արմատախիլ անել կոռումպացված համակարգը: Երկրի կադրային ռեզերվը շատ փոքր է, և պրակտիկ տեսանկյունից ճիշտ չէ համակարգից հեռացնել կամ դատապարտել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխատել են նախկին համակարգում կամ այս կամ այն կերպ կապված են եղել այդ համակարգի հետ: Որոշներները կոռումպացված են և պետք է հեռացվեն, մյուսները կարող են կոմպետենտ լինել և արժանի՝ պահպանելու իրենց աշխատանքը: Սա մեծ զգուշավորություն պահանջող գործընթաց է, որը չի կարելի շտապեցնել:

Այնուամենայնիվ, եղել են որոշ վիճահարույց որոշումներ, և բացի այդ, թե՛ խորհրդարանում և թե՛ քաղաքական դաշտում իրական ընդդիմության պակաս կա: Եվ քաղաքացիական հասարակությունը պետք է կառավարության հաշվետվողականության ավելի բարձր չափանիշներ սահմանի: Այլ խոսքերով՝ Փաշինյանի կառավարության գործունեության սկզբնակետը զրո էր կամ նույնիսկ բացասական, և այս տեսանկյունից՝ տասնամյակների կոռուպցիայի և իշխանության քաղաքական գոռոզամտությունից հետո ցանկացած փոփոխություն դրական է: Սակայն դա չի նշանակում, որ նպատակն արդարացնում է միջոցները: Եթե հիշենք Սահակաշվիլիի գործունեությունը Վրաստանում՝ նման իրավիճակներում կամայականության ծայրահեղության մեջ ընկնելու և  օրենքի իշխանության սկզբունքը խախտելու վտանգ կա: Փոքրիկ Հայաստանում պետք է շատ զգույշ լինել՝ խուսափելու այն սխալներից, որոնք թույլ տվեց Սահակաշվիլին: Եվ, ի վերջո, բարեփոխումների գործընթացը պիտի դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա, ոչ թե կախված լինի անհատականություններից: Այլ խոսքերով՝ պետք է ամրապնդվեն պետական հաստատությունները, ավելի հստակեցվի իշխանության ճյուղերի տարանջատումը, զսպումների և հակակշիռների համակարգը: Փաշինյանը պետք է ապահովի պետական համակարգի արդյունավետ աշխատանքը, ոչ թե դառնա Սուրբ Նիկողայոս: Անձի պաշտամունքը լավ բան չէ ու միշտ էլ վատ հետևանքներ է ունենում: Որևէ ղեկավար կատարյալ չէ և ցանկացած ղեկավար պետք է հաշվետու լինի ժողովրդին, և պետք է զարգանա ավելի արդյունավետ ընդդիմության ինստիտուտը՝ լինի «Լուսավոր Հայաստանը» թե մեկ այլ ուժ կամ ընդհանրապես ընդդիմությունը:
– Արևմուտքը՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ընդհանուր առմամբ, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, ի տարբերություն մեր ռուս և եվրասիական գործընկերների, շատ դրական արձագանքեցին դեկեմբերի 9-ի ԱԺ ընտրություններին և ողջունեցին միջազգային դիտորդական առաքելության արձանագրած առաջընթացը, ժողովրդավարական ընտրությունների անցկացումը՝ շնորհավորելով վարչապետի պաշտոնակատար Փաշինյանին:

– Այո, Ռուսաստանը չշնորհավորեց Հայաստանի ղեկավարությանը ընտրությունների անցկացման կապակցությամբ:

– Կարո՞ղ ենք դա համարել նշան, որ Ռուսաստանը առանձնապես ոգևորված չէ Հայաստանում սկսված ժողովրդավարական փոփոխությունների գործընթացից:

– Բայց դա անակնկալ չէ: Դա ապացուցում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի, Ղազախստանի նախագահ Նազարբաևի, Բելառուսի նախագահ Ալիևի և Ադրբեջանի նախագահ Ալիևի համար Փաշինյանի կառավարությունը, իշխանափոխության նման ձևը սպառնալիք է: Ժողովրդական իշխանության հաղթանակը վտանգավոր նախադեպ է այս երկրների համար: Ըստ էության, դա քայքայում է ավտորիտար վարչակարգը: Արևմուտքը հավանաբար խելացի է վարվում՝ ուղղակիորեն չներքաշվելով այս գործընթացին և ուղղակիորեն չաջակցելով Հայաստանին: Եվ դա շատ լավ է մեզ համար, որովհետև մենք չենք ուզում սադրել Ռուսաստանի կտրուկ ռեակցիան Արևմուտքի և Հայաստանի ավելի սերտ համագործակցությանը:

Այդուհանդերձ, եթե նայենք մեր դիրքերին Լեռնային Ղարաբաղի հարցում կամ նույնիսկ Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ մենք հիմա շատ ավելի ուժեղ դիրքերում ենք, քան նախկինում էինք, որովհետև Հայաստանի նոր կառավարությունը լեգիտիմության շատ ավելի բարձր մակարդակ ունի: Սա Հանրապետական կուսակցության իշխանության գլխավոր խնդիրն էր, որովհետև ազատ և արդար ընտրություններ չէին լինում, ընտրությունները կեղծվում էին, հանրության և կառավարության միջև մեծ անդունդ էր առաջացել: Այն ժամանակ մարդիկ էին ծառայում կառավարությանը: Այժմ կառավարությունն է ծառայում մարդկանց: Սրանք տարբեր բաներ են:

Իսկ Հայաստանի արտաքին քաղաքականության և աշխարհաքաղաքական դիրքի առումով կա որոշակի վտանգ, որ մենք կարող ենք այնպիսի զիջումներ անել Ռուսաստանին, կարող ենք մտնել մեր միջազգային դիրքերի թուլացման այնպիսի մի շրջան, որ ներքին բարեփոխումների գործընթացում ունեցած հաջողությունները բավարար չեն լինի հզորացնելու պետությունը և դառնալու ինքնաբավ:

– Իսկ այդ բարեփոխումների իրականացման համար Արևմուտքի, հատկապես Եվրամիության ֆինանսական, քաղաքական խորհրդատվական աջակցությունն անհրաժեշտ չէ՞:

– Ես կասեի ճիշտ հակառակը՝ Հայաստանի պարագայում իրական բարեփոխումների համար միջազգային աջակցությունն անհրաժեշտ չէ: Նկատի ունեմ՝ իրական բարեփոխումների իրականացման դեպքում միայն կստանանք միջազգային աջակցություն և արձագանք: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ցանկացած երկրում իրական բարեփոխումների դեպքում լինում են հաղթողներ և պարտվողներ: Մենք բոլորս էլ գիտենք՝ ովքեր պարտվողները: Գիտենք նրանց մականուններից, տնտեսությունում նրանց զբաղեցրած դիրքից: Եվ գիտենք՝ ովքեր են հաղթողները: Բայց առանց բարեփոխումների՝ միջազգային աջակցությունը շատ ավելի թույլ կլինի կամ ընդհանրապես չի լինի: Սա նման է հավի ու ձվի հայտնի պատմությանը: Առաջինը պիտի լինեն բարեփոխումները, հետո նոր միջազգային աջակցությունը, ոչ թե պիտի ակնկալենք միջազգային աջակցություն, որ իրականացնենք բարեփոխումներ: Մյուս օգուտն այն է, որ Արևմուտքի մեծ մասն այնքան է հիասթափված Ուկրաինայից և Կիևում նստած կոռումպացված կառավարությունից, որ այդ ֆոնին Հայաստանը կարող է դիտվել որպես ժողովրդավարության կղզյակ՝ նույն մակարդակի վրա, ինչ եվրոպական պետություններն են, ի տարբերություն Արևելյան Գործընկերության մյուս երկրների՝ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, որոնք, կարծես թե, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու շնորհիվ ավելի առաջ էին անցել եվրաինտեգրման մեջ, բայց այսօր կորցնում են իրենց կապը Եվրոպայի հետ:

– Բայց երբ ռուսական գործոնը շարունակում է մնալ ազդեցիկ, դոմինանտ, և նույնիսկ հեղափոխության ճանապարհով իշխանության եկած երկրի ղեկավարը, լինելով իրատես և հասկանալով, թե որքան վտանգավոր կարող են լինել կտրուկ շրջադարձերը արտաքին քաղաքականութան մեջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վերանայելու հարց չի բարձրացնում, այս իրավիճակում նրա համար դժվար չի՞ լինի մի կողմից պահպանել ռազմավարական գործընկերությունը Ռուսաստանի հետ, մյուս կողմից՝ գործակցել Արևմուտքի հետ, ստանալ Եվրամիության, Միացյալ Նահանգների օգնությունը:

– Կարճ պատասխանն այն է, որ, իհարկե, դա լուրջ մարտահրավեր է նրա համար: Բայց հետաքրքիրն այն է, որ դա մարտահրավեր է նաև Պուտինի համար: Ինչպես Փաշինյանի համար է դժվար գործ ունենալ Ռուսաստանի հետ, նույն կերպ էլ Պուտինի համար է դժվար հասկանալ՝ ի՞նչ տեսակի մարդ է Փաշինյանը, ինչպե՞ս կարելի է գործակցել Հայաստանի պրագմատիկ կառավարության հետ: Բայց ո՛չ Մոսկվան, ո՛չ էլ Երևանը չեն ուզում, որ հարաբերություններում առկա ճգնաժամը խորանա, և փորձում են ճկունություն դրսևորել: Կարծում եմ՝ Փաշինյանը պրագմատիստ է, իրապաշտ, իսկ երբեմն չափից ավելի պրագմատիկ է: Կան որոշակի սկզբունքներ, ինչպիսիք են երկրի անկախությունն ու ինքնիշխանությունը, որոնք պիտի ամրապնդվեն, որովհետև դրանք թուլացել են, նվազել նախորդ իշխանությունների կողմից տարիներ շարունակ կատարված զիջումների պատճառով: Դա շատ նուրբ, հավասարակշռող մոտեցում է պահանջում: Հետևաբար, Հայաստանի կառավարությունը պետք է ձգտի հավասարակշռման տարածաշրջանային ազդեցիկ խաղացողների միջև: Դա վերաբերում է նաև Ռուսաստանի և Արևմուտքի, Իրանի և Արևմուտքի և նույնիսկ հարևանների միջև հավասարակշռմանը: Բայց մենք եզակի հնարավորություն ունենք ստանալու մեկ կարևոր առավելություն, որը չունի հարևան երկրներից և ոչ մեկը: Դա կայունությունն է: Թուրքիան հեղափոխական գործընթացների մեջ է ու սպանում է ինքն իրեն, ձերբակալում, բանտ է նետում լրագրողներին, ակտիվիստներին, այլախոհներին: Դա նման է պարանոյայի: Իրանը նոր խնդիրներ ունի Թրամփի և Արևմուտքի հետ և անկայուն է տնտեսական առումով: Ադրբեջանը, որտեղ իշխում է հորից որդուն փոխանցվող դինաստիան, ի բնե անկայուն պետություն է: Վրաստանը հետընտրական փուլում է, խնդիրներ ունի բարեփոխումների հարցում և Եվրամիության հետ: Էլ չեմ ասում Ռուսաստանի հետ նրա խնդիրների մասին: Այսպիսով, այս երկիրն էլ է անկայուն: Եվ միայն Հայաստանն է, որ հասել է կայունության որոշակի մակարդակի, որին դժվար է հասնել: Բայց հիմա ավելի դժվար է այն կորցնել:

– Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին Արևմուտքի դրական արձագանքից հետո պե՞տք է արդյոք սպասենք ավելի գործնական քայլերի թե՛ Եվրամիության և թե՛ Միացյալ Նահանգների կողմից:

– Շատ լավ հարց է, բայց ավելի լավ է, որ նմանատիպ հարցերին իրենք՝ արևմտյան գործընկերները պատասխանեն, որովհետև ես չգիտեմ նրանց մտադրությունները: Բայց ես կարող եմ ասել, որ եթե նայենք Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններին՝ Թրամփի անկանխատեսելի բնավորության և իր վարչակազմի պաշտոնյաների, օրինակ՝ Հայաստան այցելած Ջոն Բոլթոնի և Ռուդի Ջուլիանիի պատճառով ռիսկերն ու վտանգները շատ են: Թերևս սա լավ ժամանակաշրջան է Հայաստանի համար՝ շատ չմերձենալու Ամերիկայի ներկայիս կառավարության հետ: Բայց ավելի կարևոր է ֆիզիկան, Հայաստանի աշխարհաքաղաքականության բնույթը: Ցանկացած գործողությանը լինում է արձագանք: Ցանկացած ազդեցություն առաջացնում է համաչափ հակազդեցություն: Հայաստանը ռուսական ուղեծրում գրավիտացիոն դիրք է զբաղեցնում: Գրավիտացիան ձգում է մեզ դեպի Ռուսաստան: Եվ սա նշանակում է, որ հավասարակշռումը Հայաստանի արտաքին հարաբերություններում անհրաժեշտություն է, որպեսզի նվազեցնենք ռիսկերը, սահմանափակենք այն վնասները, որ ստանում ենք «արևին»՝ Ռուսաստանին չափից ավելի մոտ լինելու պատճառով: Մենք պետք է ավելի լավ խուսանավենք Արևմուտքի և Ռուսաստանի միջև և կարողանանք խաղալ նրանց հակասությունների վրա: Մենք կարող ենք հանդես գալ որպես կապող կամուրջ ԵԱՏՄ-ի և Եվրամիության, Ռուսաստանի և Իրանի միջև: Որպես փոքր պետություն՝ Հայաստանը պետք է ավելի խելացի ու զարգացած ռազմավարություն ունենա, որպեսզի ոչ միայն գոյատևի, այլև զարգանա: Չեմ ասում՝ լինի չեզոք Շվեյցարիայի պես: Բայց կարողանա օգտագործել տարբեր աշխարհաքաղաքական խաղացողների տարբեր ազգային շահերը՝ իր շահերն առաջ տանելու համար:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանի ժողովրդավարական այս առաջընթացը որքանո՞վ է բարձրացրել Հայաստանի միջազգային հեղինակությունը: Եվ ինչպե՞ս կարձագանքի այս գործընթացներին Վաշինգտոնը: Թրամփի վարչակազմը կշարունակի առաջնորդվել իր գերռեալիստական քաղաքականությամբ՝ հետապնդելով բացառապես պրագմատիկ շահեր, թե՞, այնուամենայնիվ, գաղափարական մոտեցումներ էլ կլինեն, և այս կառավարությունը նախորդ վարչակազմերի պես նաև կփորձի աջակցել ժողովրդավարական զարգացմանը այլ երկրներում և մասնավորապես Հայաստանում:

– Հայաստանն այժմ դիտվում է որպես շատ ավելի ժողովրդավարական երկիր և տեսականորեն ավելի հետաքրքիր է Արևմուտքի համար: Բայց կարծում եմ՝ Արևմուտքի համար չափից ավելի ուշ է: Ժողովրդավարական դարձող Հայաստանը կարող էր ավելի կարևոր լինել Արևմուտքի 10 տարի առաջ: Այսօր Եվրոպական միության միասնականությունը վտանգի տակ է Բրեքզիթի, միգրացիայի, ներքին այլ խնդիրների պատճառով: Եվրոպական նախագծին սպառնում են Հունգարիան, Լեհաստանը: Միացյալ Նահանգներն այսօր անկանխատեսելի է՝ Սպիտակ տանը նստող անկանխատեսելի նախագահի պատճառով: Երկուսի ուշադրությունն էլ շեղում են այլ խնդիրներ, և երկուսի հետաքրքրությունն էլ նվազել է այլ տարածաշրջաններում ժողովրդավարացման գործընթացների նկատմամբ: Սա նշանակում է, որ Հայաստանն իր ժողովրդավարական նվաճումները պետք է փոխակերպի ավելի ուժեղ և ամուր պետական հաստատությունների՝ ինստիտուտների: Ժողովրդավարությունն այլևս բավարար չէ՝ հետաքրքրություն առաջացնելու համար: Բարեբախտաբար, Հայաստանը երկու շատ լավ դիվանագետ է ուղարկել Վաշինգտոն՝ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Վարուժան Ներսիսյանին և փոխդեսպան Արա Մակարյանին, և քայլեր է անում Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները կայունացնելու և ամրապնդելու ուղղությամբ:

Բայց Հայաստանն իրականում ավելի շատ պիտի նայի դեպի Չինաստան և ավելի քիչ՝ դեպի ավանդական ուղղությունը՝ Արևմուտք: Չինաստանը Հայաստանին առաջարկում է արտաքին քաղաքականության երրորդ ուղղությունը, աշխարհաքաղաքական այլընտրանքների աթոռակի երրորդ ոտքը: Հայաստանի և Չինաստանի կապերի սերտացումը, երկկողմ հարաբերությունների զարգացումն ավելի ընդունելի է Ռուսաստանի համար, քան Արևմուտքի հետ հարաբերությունների խորացումը: Մենք կարող ենք օգտագործել չինական ուղղությունը ճիշտ այնպես, ինչպես Նիքսոնն արեց՝ ակտիվացնելով Միացյալ Նահանգների և Չինաստանի հարաբերությունները՝ ընդդեմ Սովետական միության: Չինական այլընտրանքը կարող է մեծ օգուտ տալ Հայաստանի պաշպանության և անվտանգության ամրապնդմանը և տնտեսական ներդրումներ բերել Հայաստան: Այս տեսանկյունից շատ վտանգավոր և մտահոգիչ է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունն այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը շուտով կստորագրեն պայմանագիր, որն արգելում է Հայաստանում գործող բիոլաբորատորիաներում «օտարերկրյա զինվորականների» ներկայությունը: Ըստ իս՝ խնդիրն այստեղ ոչ թե ՆԱՏՕ-ն կամ ամերիկացիներն են, այլ այն, որ սա շատ վտանգավոր է Հայաստանի համար, քանի որ այն սահմանափակում է Չինաստանի հետ մեր հարաբերությունները խորացնելու հնարավորությունները: Այլ խոսքերով՝ եթե մենք օտարերկրյա զինվորականների ներկայության կարիք ունենք, ապա դա պետք է լինի Չինաստանը, ոչ թե ՆԱՏՕ-ն: Ռուսաստանը նմանատիպ հայտարարություններով փորձում է սահմանափակել Հայաստանի խուսանավման հնարավորությունները, որովհետև դա կհանգեցնի շատ վտանգավոր քննության Հայաստանի կառավարության համար: Եթե Ռուսաստանն այսօր պահանջում է Հայաստանից, որ «օտարերկրյա զինվորականներ» չլինեն, պահանջում է փակել այդ բիոլաբորատորիաները, ապա ո՞րը կլինի հաջորդ պահանջը: Նրանք կպահանջեն փակել Ռուսաստանի հետ սահմա՞նը: Կպահանջեն, որ դեմ հանդես գանք Արևմուտքի՞ն: Սա կարող է շատ լուրջ փորձություն լինել Հայաստանի կառավարության համար: Ինչ-որ պահի Հայաստանը պետք է ոտքի կանգնի ու ասի «ոչ» Ռուսաստանին և պաշտպանի իր շահերը: Այլապես Ռուսաստանը կշարունակի փորձության ենթարկել Հայաստանի կառավարությանը:

– Ինչո՞վ եք բացատրում խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից գործադրված այս ճնշումը Հայաստանի կառավարության նկատմամբ՝ կապված բիոլաբորատորիաների, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ակտիվության, ռուսական գազի գնի հետ:

– Դա ամենևին էլ անակնկալ չէ: Ռուսաստանը դրանով ուզում է հիշեցնել Հայաստանի կառավարությանը, որ Հայաստանը ընտրության մեծ հնարավորություններ չունի: Ես չեմ քննադատում Ռուսաստանին այն բանի համար, որ նրանք անում են այն, ինչ իրենց տեսանկյունից շահավետ է Ռուսաստանի համար: Խնդիրը Հայաստանի թուլության մեջ է: Եթե Հայաստանը չդիմանա այս քննությանը և հանձնվի՝ հետագայում կկորցնենք նաև մեր արժեքը: Ռուսաստանը, ինչպես Թուրքիան, հարգում է միայն ուժը, ոչ թե թուլությունը: Ուստի շուտով պիտի հասնենք մի կետի, երբ ստիպված կլինենք այլ կերպ արձագանքել Ռուսաստանի նմանատիպ քայլերին: Ոչ թե պիտի Պուտինին համոզենք, որ մենք Ռուսաստանի բարեկամն ենք և հավատարիմ դաշնակիցը, և Ռուսաստանը անհանգստանալու կարիք չունի, – միգուցե չափից ավելի հաճախ ենք կրկնում դա, – այլ պիտի գծենք մեր սեփական «կարմիր գիծը» և ասենք՝ մենք անկախ, ինքնիշխան պետություն ենք, վերաբերվեք մեզ՝ որպես դաշնակցի, ոչ թե որպես վասալ պետության: Եթե հիշենք վերջին 15-20 տարիների զարգացումները՝ Ռուսաստանը հարգել է Հայաստանին միայն այն ժամանակ, երբ հայկական կողմը Ռուսաստանին ասել է՝ «ոչ»: Օրինակ, 2008 թվականին՝ ռուս-վրացական պատերազմից հետո, Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևը եկավ Երևան և փորձեց ճնշում գործադրել Հայաստանի կառավարության վրա, որպեսզի վերջինս ճանաչի Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: Հայկական կողմը շատ խելացի վարվեց: Նա չմերժեց Ռուսաստանին, ասաց՝ «այո», բայց ավելացրեց նախապայման՝ նշելով, որ Հայաստանը կճանաչի այդ շրջանների անկախությունը, եթե Ռուսատանը, նախ, ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Հայաստանի պես երկրները երբեմն պիտի ճկունություն դրսևորեն, բլեֆ անեն: Իրականում Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում ուժեղ չեն: Մենք Ռուսաստանի միակ գործընկերն ենք այս ռեգիոնում և մենք կարող ենք ու պիտի պահանջենք ավելին Ռուսաստանի հետ հարաբերություններից:

– Կարո՞ղ ենք ասել, որ այսօր՝ 2018 թվականի ավարտին, ավելի ուժեղ դիրքերում ենք անվտանգության առումով և մասնավորապես Արցախի հարցում, հակամարտության կարգավորման դիվանագիտական գործընթացում:

– Ընդհանուր առմամբ՝ այո: Իմ միակ վերապահումն ու անհանգստությունը կապված է այն հանգամանքի հետ, որ նախկինում Արցախի և Հայաստանի միջև հակասությունները, երկպառակությունները այսքան խորը չէին եղել: Տեսակետների, ընկալումների միջև տարբերությունները միշտ էլ եղել են, բայց մենք երբեք չենք տեսել, որ երկպառակություններն այսքան ակնհայտ լինեն, հրապարակային ու այսքան խորը: Այս տեսանկյունից՝ մենք առերեսվում ենք նոր մարտահրավերի: Ընդհանրապես, անշուշտ, մեր դիրքերն ավելի ամուր են, բայց չափից ավելի երկար ժամանակ է, ինչ Հայաստանի աշխարհաքաղաքական ուժեղ դիրքերը հիմնված են մեր թշնամիների սխալների, ոչ թե մեր սեփական հաղթանակների վրա: Սա պետք է փոխվի: Մենք պիտի մեր ձեռքբերումներն ու հաջողությունները գրանցենք, ոչ թե միայն օգտվենք հակառակորդների սխալներից:

– Բայց նոր կառավարությունը, Ձեր կարծիքով, ունի՞ իր ռազմավարությունը, թե ինչպե՞ս է ընդհանրապես պատկերացնում Արցախի հիմնախնդրի վերջնական կարգավորումը, հանգուցալուծումը, թե՞ այսօր շատ վաղ է դրա մասին խոսել:

– Ես չեմ կասկածում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի պրոֆեսիոնալիզմին, բայց նրանք նոր կառավարության երկու նախարարներն են, որոնց մասին մենք գիտենք: Մենք չգիտենք, թե ովքեր կլինեն նոր կաբինետի մյուս անդամները, և քանի որ նոր կառավարությունը դեռևս չի ձևավորել, բնականաբար, չենք տեսել նաև կառավարության նոր ծրագիրը: Ուստի առայժմ չեմ կարող պատասխանել այդ հարցին:

https://www.1in.am/2486198.html

Be the first to comment on "Ամփոփում – 2018. «Ինչ-որ պահի Հայաստանը պետք է ոտքի կանգնի և ասի «ոչ» Ռուսաստանին»"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ