Հայաստանում խոզի գրիպից կին է մահացել

Այս տարի Հայաստանում խոզի գրիպից մահվան դեպք է գրանցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է  ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը:

Արտավազդ Վանյանը նշել է, որ մահացած կնոջ մոտ ախտորոշվել են նաև տարբեր խրոնիկ հիվանդություններ:

«Այս պահի դրությամբ բուժհաստատություններում գրիպից ստացիոնար բուժում է ստանում 693 մարդ, մինչդեռ մեկ տարի առաջ հունվարի 11-ին այդ թիվը կազմել է 658: Մի քանի հիվանդներ գտնվում են ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքներում»,- ասել է Արտավազդ Վանյանը՝ հորդորելով խուճապի չմատնվել, քանի որ գրիպի սեզոնին ամեն տարի նման պատկեր է լինում:

Պաշտոնյան նշել է, որ  Հայաստանում հիմնականում տարածված է A տիպի գրիպը, այսինքն H1N1-ը:

Վերջին տվյալներով, պոլիկլինիկաներ են դիմել 1251 մարդ:

Արտավազդ Վանյանը կոչ արեց գրիպով հիվանդներին չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ ժամանակին դիմել բժշկի՝  չվտանգելով նաև այլոց առողջությունը:

Ամեն դեպքում, դպրոցներն ու մանկապարտեզները փակելու անհրաժեշտություն չկա: Պաշտոնյան նշեց, որ դպրոցներում մշտապես մոնիտորինգ է անցկացվում և  նույնիսկ փոքր նշանների դեպքում երեխաներին թույլ չեն տալիս այցելել դպրոց ու մանկապարտեզ:

Անդրադառնալով հարևան Վրաստանում խոզի գրիպից մահացության դեպքերին, Արտավազդ Վանյանն ընդգծեց, որ հայ-վրացական սահմանը փակելու կարիք չկա, քանի որ երկու երկրներում էլ տարածված է գրիպի նույն տեսակը:

Zham.am

Հետևե՛

https://zham.am/?p=32883&l=am

Be the first to comment on "Հայաստանում խոզի գրիպից կին է մահացել"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ