Ո՞ւմ հետ է ամենաշատը հեռախոսազրույցներ ունեցել Փաշինյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրվանից ի վեր՝ 2018 թվականի մայիսի 8-ից սկսած, 17 հեռախոսազրույց է ունեցել տարբեր երկրների ղեկավարների և պաշտոնյաների հետ։ Ընդ որում, հեռախոսազրույցների մեծ մասը տեղի է ունեցել հիմնականում եվրասիական երկրների ղեկավարների հետ, առավելապես՝ Ռուսաստանի։ Այս մասին հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն:

Հեռախոսազանգերի ամենամեծ հաճախականությունը, համաձայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքի, տեղի է ունեցել հենց 2018-ի մայիսին։ Այդ ամսվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր ՊուտինիՎրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, անվանի տնտեսագետ Դարոն Աճեմօղլուի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիիհետ։

Փաշինյանի պաշտոնավարման ընթացքում հեռախոսազրույցների հաճախականությամբ երկրորդ ամիսը 2018 թվականի հուլիսն է, որի ընթացքում ՀՀ վարչապետը հեռախոսային զրույցներ է ունեցել Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ֆրանկոֆոնիայի կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ։

Ինչ վերաբերում է հեռախոսազանգերի աշխարհագրությանը, ապա ամենից հաճախ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունենում ՌԴ նախագահի հետ։ Ըստ ՀՀ վարչապետի մամուլի ծառայության` տեղի է ունեցել այդպիսի 5 հեռախոսազրույց։ Ընդ որում, 2018-ի դեկտեմբերի 30-ին, Նիկոլ Փաշինյանի խոսքով, տեղի են ունեցել միանգամից երկու հեռախոսազրույցներ՝ կապված գազի գնի հետ։ Այս երկու հեռախոսազրույցների մասին հաղորդագրություններ, սակայն, ո՛չ ՀՀ վարչապետի, ո՛չ ՌԴ նախագահի պաշտոնական կայքերում չկան։

Ուշագրավ է նաև հեռախոսազանգերի աշխարհաքաղաքական ուղղվածությունը։ Այսպես, Նիկոլ Փաշինյանն առանձին հեռախոսազրույցներ է ունեցել ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամ երկրների առաջնորդներից նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի և Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հետ։ Բացի դա, բոլորովին վերջերս՝ 2019 թվականի հունվարի 29-ին, Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։ Ըստ այդմ, 17 արձանագրված հեռախոսազրույցներից 9-ը տեղի են ունեցել եվրասիական գործընկերների հետ։

Կապված ՀՀ վարչապետի մյուս հեռախոսազրույցների հետ՝ նշենք, որ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 12-ին զրուցել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ, իսկ արդեն այս տարվա հունվարի 23-ին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ։ Ընդ որում, ուշագրավ է, որ վերջին հեռախոսազրույցի մասին պաշտոնական հաղորդագրություն ՀՀ վարչապետի կայքում չկա, իսկ դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հենց Փաշինյանը։

Հարկ է նաև արձանագրել, որ իր պաշտոնավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը ոչ մի հեռախոսազրույց չի ունեցել ԵՄ անդամ երկրների ղեկավարների հետ, չնայած՝ ԵՄ առաջատար երկրներից Ֆրանսիայի և Գերմանիայի հետ արդեն իսկ գրանցվել են երկկողմ պաշտոնական այցեր։

https://zham.am/?p=35180&l=am

Be the first to comment on "Ո՞ւմ հետ է ամենաշատը հեռախոսազրույցներ ունեցել Փաշինյանը"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ