Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում. սխա՞լ մեղադրանք է առաջադրվել

Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում: Մասնավորապես՝ 2008 թ.-ին, Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 3-ին որոշում է կայացվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանին Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու և կալանավորելու վերաբերյալ:

Սրան հետևեց որոշ իրավաբանների հայտարարությունը, թե Քրեական օրենգրքի 300.1 հոդվածը սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն է, որը գոյություն չի ունեցել 2008 թվականին, ուստի՝ ՀՔԾ-ն սխալ մեղադրանք է առաջադրում:

Այսօր արդեն, Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե՝ «Այն մեկնաբանությունները, որոնք տալիս են որոշ իրավաբաններ, թե գործը հարուցվել է մի հոդվածով, որը գոյություն չի ունեցել, մեղմ ասած, ոչ կոմպետենտ մեկնաբանություններ են, որովհետև այդ արարքը՝ Սահմանադրության տապալումը, գոյություն է ունեցել նաև 2008 թվականին, պարզապես այն նախատեսված է եղել մեկ այլ հոդվածով: Հոդված 300-ը՝ պետական իշխանությունը յուրացնելը, 2008 թվականի մարտի 1-ի օրվա դրությամբ գործող այս հոդվածով որպես հանցկազմը բնորոշող հանգամանք, դիսպոզիցիան սահմանվել է նաև ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողությունը։ Այսինքն, այս գործողությունը այն ժամանակ նախատեսված է եղել որպես հանցագործություն։ Ընդամենը նախատեսված է եղել 300 հոդվածով, հետագայում այս հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել է 301.1 հոդվածով։ Ընդամնեը փոխվել է հոդվածի համարը»,- ասաց Սասուն Խաչատրյանը:

ԼՈւՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան, քրեական իրավունքի մասնագետ Նորայր Նորիկյանն, անդրադառնալով ՀՔԾ պետի բացատրությանը, նշեց՝ կտրականապես համաձայն չէ նրա դիտարկման հետ. «Հիշատակված օրենքի ընդունման ժամանակ գործող «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր կամ թվեր լրացնելու միջոցով: Գործող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Նորմատիվ իրավական ակտում լրացումներ կատարվում են դրանում ՆՈՐ բաժիններ, գլուխներ, ՀՈԴՎԱԾՆԵՐ, մասեր, կետեր, ենթակետեր, պարբերություններ, նախադասություններ, բառեր, թվեր կամ կետադրական նշաններ լրացնելու միջոցով: Վերը նշված իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ ցանկացած օրենքում որևէ լրացում կատարվում է միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է ՆՈՐ հոդված ավելացնել, հետևաբար՝ այս համատեքստում ՀՔԾ պետի այն դիտարկումը, թե ընդամենը փոխվել է հոդվածի համարը, չի դիմանում որևէ քննադատության»,- ասաց փաստաբանը:

Ինչ վերաբերում է ՀՔԾ պետի այն դիտարկմանը, թե Մ. Հարությունյանին մեղսագրվող գործողությունն այն ժամանակ նախատեսված է եղել, որպես հանցագործություն՝ 300-րդ հոդվածով, սակայն հետագայում հոդվածի դիսպոզիցիայից այս գործողությունը հանվել և նախատեսվել 301.1 հոդվածով, ըստ փաստաբանի, նույնպես չի դիմանում որևէ քննադատության այն պարզ պատճառով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածը փոփոխության է ենթարկվել նույն օրը՝ 18.03.2009թ. նույն օրենքով, որ օրենքով որ լրացում է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում և ավելացել է 300.1 հոդվածը:

«Եթե 300-րդ հոդվածով նախատեսված է եղել, ապա ո՞րն է եղել տրամաբանությունը՝ տարանջատելու և լրացման միջոցով որպես առանձին հանցագործության տեսակ ներդնելու: Թող միանգամից 300-րդ հոդվածի շրջանակներում կատարեին համապատասխան փոփոխություններ… Իմ կարծիքով, Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոփոխվի և նրան պետք է մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի հատկանիշներով»,- նկատեց նա:

Փաստաբանն ընդգծեց՝ ինքը ողջունում է ՀՔԾ գործունեությունը Մարտի 1-ի գործով իրականացվող ջանքերի առումով՝ հույս տածելով, որ կիրականացվի օբյեկտիվ, բազմակողմանի ու ամբողջական քննություն՝ ճշմարտությունը բացահայտելու և բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: Միաժամանակ գտնում է, որ որևէ վրիպում ու բացթողում այս գործում՝ ուղղակի անթույլատրելի է. «Պնդում եմ, որ Մ. Հարությունյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի և համապատասխանեցվի արարքի պահին գործող ՀՀ օրենսդրությանը»,- նշեց Նորիկյանը:

Մեզ հետ զրույցում փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը ևս նշեց՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը 2008թ. մարտի 1-ի դրությամբ չի եղել. «Այն ներառվել է օրենսգրքում 2009-ին: Սակայն դա չի նշանակում, որ նման հանցակազմ չի եղել, պարզապես այն նախատեսված է եղել 300 հոդվածով, որը 300.1 հոդվածի ընդունմամբ խմբագրվել է: Ըստ էության, Հարությունյանին մեղադրանքն առաջադրվել է ճիշտ, քանի որ նախկին 300-րդ հոդվածը չկա: Պարզապես, եթե նա դատապարտվի, ապա պատիժը պետք է լինի նախկին խմբագրությամբ՝ 300-րդ հոդվածի սանկցիայի շրջանակներում»,- բացատրեց Սիրունյանը:

Սոնա Հարությունյան

 

Be the first to comment on "Մարտի 1-ի գործը նոր ընթացք է ստանում. սխա՞լ մեղադրանք է առաջադրվել"

Leave a comment

Your email address will not be published.




ԴԻՏԵԼ